Վերջերս տեղի ունեցավ “Միասին” երիտասարդական շարժման ակտիվիստների հավաքը Սևանի ափին: Հայաստանի ապագա առաջնորդները հավաքվեցին, մի լավ տժժացին, հասցրեցին հյուրընկալել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ողորմելի այցելուները շեշտեցին, թե ինչ կարևոր են երիտասարդները Հայաստանի համար և որ ապագան իրենց հետևում է և մի շարք նման բաներ` դեմքի լուրջ արտահայտությամբ:
Ակնհայտ էր, որ այդ ճամբարը ֆինանսավորում էր իշխանությունների կողնից և նպատակ ուներ դաստիարակել մի սերունդ՝ իրենց իսկ պատկերով ու նմանությամբ: Երիտասարդների մի խումբ, որոնք նույն կերպ կգան իշխանության (կեղծիքներով, սպանդով) և նույն կերպ կիշխեն (խաբելով և թալանելով): Այդպիսի մի ստվար զանգվածի էին եկել ողջունելու ՀՀ բարձրագույն պաշտոնյաները: 
Եվ զարմանալի չէր, որ նման միջոցառման համար հրավիրվել էր ջոկատավար Ռուսաստանից: Օրինակ թրեյներներից մեկը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ, «Ռոսիա մոլոդայա» շարժման առաջնորդ Մաքսիմ Միշչենկոն: Եթե ծանոթ չեք, ապա ասեմ, որ “Ռոսիա մոլոդայա” երիտասարդական շարժումը “ՆԱՇԻ” ու “Եդիանայա Ռոսիայի երիտասարդական գվարդիա” շարժումների հետ մեկտեղ իշխանություններին սատարող ուժերից է: Սովետական կոմսոմոլի ավանդույթով այս շարժումների անդամներն ծառայում են ռեժիմին ու աստիճանաբար հասնում հաջողության` շարունակելով իրենց “պապաների” քաղաքականությունը:
Մեր մոտ վիճակն էլ ավելի դաժան է: Ինչպես Սերժիկ Սարգսյանն ընտրություններում “հաղթելուց” հետո վազում է շնորհակալություն հայտնելու իր թրեյներներին Ռուսաստանում, նույնպես էլ “Միասին”-ի ջահելները կրթվում են Սերժիկի թրեյների բալեքի կողմից և, ով գիտի, կարող է պատահել, որ մի օր նրանցից ամենատականքը, ամենախորամանկն ու “հայրենասերն” վազի շնորհակալություն հայտնելու իր դասատուներին, որոնք կհասցնեն փոխած լինել իրենց շեֆերին (երևի թե շատ վատատես եմ):
Եվ այդպիսի սերունդ է դաստիարակվում այսօրվա իշխանությունների կողմից և պրոպագանդվում որպես երիտասարդ հայրենասեր առաջնորդներ:
Արդյո՞ք սրանք են լինելու մեր երկրի դեմքը մի տաս տարի հետո:
Լուսանկարը` Հրապարակի